Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այցելել է Թուրքիայի Կոնիայի նահանգի Դողանհիսարի շրջան, որտեղ ելույթ է ունեցել ժողովրդի առաջ՝ մեկ անգամ եւս կրկնելով, որ Հայաստանի հետ սահմանը նույնիսկ ժամանակավոր չի բացվի։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝   լրագրողների այն հարցին, թե սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելու նպատակով Թուրքիան ժամանակավոր կբացի՞  սահմանը, Դավութօղլուն պատասխանել է. «Հայաստանում իրականացվելիք զորավարժությունը արտակարգ իրավիճակների դեմ պայքարի շրջանակներում է։  Թուրքիան մասնակցելու է այդ զորավարժությանը որպես ՆԱՏՕ-ի անդամ։  Սակայն սահմանների ժամանակավոր բացման հարցն օրակարգում չէ, դա անհրաժեշտ է գիտենալ։ Ես նախկինում էլ այս մասին հայտարարել եմ»-ամփոփել է Դավութօղլուն։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը լրագրողներին ասել էր, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու նպատակով Անկարան քննարկում է հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես բացելու հարցը: Այն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նաեւ հաստատել էր տեղեկությունը, ըստ որի Կարսի նահանգապետին ԱԳՆ-ից գրություն է ուղարկվել սահմանային ճանապարհների վիճակի մասին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ: Այդ հայտարարությունից հետո Անկարան փորձել է հայ-թուրքական սահմանի հարցը դարձնել առեւտրի առարկա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ռազմա-հումանիտար զորավարժությունների անցկացման կազմոմիտեին պաշտոնապես հայտնել է, որ թուրքական պատվիրակության համար անհրաժեշտ սարքավորումները Հայաստան կբերվեն Վրաստանի տարածքով: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կայանալու են Կոտայքի մարզում` սեպտեմբերի 11-17-ին: