Ադրբեջանը անհանգստացած չէ Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման փաստով, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Բաքուն ուշադիր հետեւում է իրադարձություններին, որ ընթանում են տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում: «Կարծում եմ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արձանագրությունը անհանգստություն չի պատճառի Ադրբեջանին»,- ասել է Մամեդովը՝ հավելելով, որ «այդ ստատուս-քվոն նախկինում էլ է եղել»: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ՀԱՊԿ շրջանակներում նման ռազմական օգնություն նախատեսված է: Այժմ նրանք լրացրել եւ ընդլայնել են: Այստեղ ուշագրավն այն է, որ ռուսական կողմը բաց խոստացել է աջակցել Հայաստանին եւ փորձել է հիմնավորել դա»,- նշել է Մամեդովը:
Միեւնույն ժամանակ Բաքուն զարմացած է միջազգային հանրության դիրքորոշումից, որ հստակ մոտեցում չի ցուցաբերում: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը նշել է, թե դա երկու պետությունների գործն է:
Ընդ որում,Մամեդովը հայտարարել էր, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին նման օգնություն ցուցաբերելը հակասում է միջազգային օրենքներին, իսկ Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի կարող անաչառ միջնորդ լինել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»:



























