«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, չսահմանափակվելով կանաչ տարածքների ոչնչացմամբ, փորձում է ընդլայնվել՝ ի հաշիվ նոր անտառների եւ համայնքների: Այս մասին հայտարարություն է տարածել Civil voice ՀԿ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Այս անգամ Թեղուտի ՓԲԸ-ի թիրախում հայտնվել է ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի հայրենի Ծաղկաշատ համայնքը: Արդեն տեղի է ունեցել երկու լսում՝ ընդ որում, ինչպես գյուղացիներն են պնդում՝ ստի եւ խաբեության մթնոլորտում:
Գյուղացիները նաեւ պնդում են, որ գյուղը կանգնել է բառացիորեն ոչնչացման եզրին: Թեղուտի օրինակը աչքի առաջ ունենալով՝ գյուղացիները հավաստիացնում են, որ պայքարելու են մինչեւ վերջ եւ ոչ մի դեպքում չեն ուրանալու իրենց անցավորների գերեզմանները, որոնց անմիջական հարեւանությամբ էլ նախատեսվում է հանքի շահագործումը: Ի դեպ այս համայնքում են գտնվում նաեւ Վալերի Մեջլումյանի ծնողների գերեզմանները: Արդեն հրապարակվել է համայնքի 95 տոկոսի կողմից ստորագրված հանքի շահագործման դեմ ուղղված բաց նամակը:
Civil voice հասարակական կազմակերպությունը անթույլատրելի է համարում Ծաղկաշատ համայնքի եւ շրջակա անտառապատ տարածքների ոչնչացման ծրագիրը՝ իր աջակցությունն հայտնելով համայքնի ժողովրդի արդարացի պայքարին եւ միեւնույն ժամանակ կոչ անում Վալերի Մեջլումյանին՝ հայրենի գյուղը ոչնչացնելու փոխարեն ՝ հոգալ գյուղացիների բազմաթիվ խնդիրների գոնե մի փոքր մասը:











