Էրեբունի-Երեւանի տոնն այս տարի այնքան էլ մեծ շուքով չի նշվում, ինչպես նախորդ տարիներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային ռադիոյի Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, մաեստրո Երվանդ Երզնկյանը՝ անդրադառնալով այն կոչերին, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին հատկացված գումարները պետք է ուղղել անապահով ընտանիքներին եւ սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

«Էդ խոսակցությունները էդքան էլ ճիշտ չեն, որ ահռելի գումարներ են ծախսվում: Առաջինը՝ շատ մեծ շուքով չի տոնվում, որովհետեւ մենք գիտենք, որ եղել են տարիներ, որ ավելի շատ մեծ շուքով էին նշում եւ ահագին գումարներ էին ծախսում: Իմ ընկեր, ավագանու անդամ Մարտին Վարդազարյանն ինձ պատմել է, որ ամեն ինչ սկսվել է  անապահով ընտանիքներին գումարային  օգնություն ցուցաբերելուց, բացի դրանից ահագին բնակարաններ են ձրի բաժանել ազատամարտիկների եւ այլ կարիքավորների ընտանիքներին»,-ասաց մաեստրոն:

Երվանդ Երզնկյանը նշեց, որ տոնակատարությունը ոչ մեծ շուքով նշելը մի կողմից ուրախացնում է իրեն, մյուս կողմից էլ, կարծում է, որ ամեն դեպքում մարդկանց պետք է ուրախացնել, թեկուզ՝ սեղմ միջոցներով, ինչպես այս տարի:

Կոմպոզիտորի խոսքով՝ նույնիսկ շատ համույթներ անվճար են ելույթ ունենալու Էրեբունի-Երեւանի տոնակատարությանը:

Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից երգիչ-երգիչներին տրվող հոնորարներին՝ Երվանդ Երզնկյանը վստահեցրեց, որ դա ընդամենը սիմվոլիկ գումար է:

«Դա հոնորար անվանել չի կարելի, որովհետեւ դա էնքան որ տրանսպորտի-բանի փողն ա հանում, գործիքների տեղափոխման փողն ա, ես որպես երաժիշտ եմ ասում»,-ասաց Երզնկյանը՝ նշելով, որ, օրինակ, ինքը անվճար է հանդես գալու տոնին:

Նշենք, որ ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր հանդես են եկել նախաձեռնությամբ` պահանջելով չեղյալ հայտարարել Էրեբունի-Երեւանի տոնական միջոցառումները եւ դրանց համար նախատեսված գումարն ուղղել սահմանամերձ գյուղերին:

Կառավարության նախորդ նիստում քննարկվել է այս հարցը եւ գումար է հատկացվել հակառակորդի գնդակոծության  հետեւանքով վնասները վերականգնելու համար:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am