Կառավարությունը մեծապես կարեւորում է վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որը թույլ է տալիս դուրս գալ համաշխարհային շուկա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբեր 12-ին, Երեւանում բարձր տեխնոլոգիաների «ԱրմեԹեք» 8-րդ գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տարածշրջանային դերի բարձրացման համար հատկապես կարեւոր է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտներում Հայաստանի դերի բարձրացումը։
«Այստեղ նախ պետք է խթանել հայ ժողովրդի ստեղծագործ միտքը, ինչը նշանակում է օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծում, համատեղ ծրագրերի իրականացում»,-նշեց Ճշմարիտյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության նպատակն է օժանդակել այն ծրագրերին, որոնք ուղղված են «մարդկային մտքի զարգացմանը եւ Հայաստանի լրջագույն դիրքավորմանն ամբողջ աշխարհում»։
Նշեն, որ Երեւանում այսօր մեկնարկել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը։ Այս տարի համաժողովի շրջանակներում Արցախում տեղի կունենա «ԱրմԹեք»-ի հատուկ նստաշրջան, ինչը նորություն է։
«ԱրմԹեք»-ի համաժողովները անցկացվում են մեկ տարի ԱՄՆ-ում, մեկ տարի՝ Հայաստանում։





























