Իշխանության շարքերում հանգիստ չէ. պատճառն այնտեղ ընթացող վերաբաշխումներն են։ Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Նրա խոսքով, ասվածի վկայությունն է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով չմասնակցեց պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պատվին տրված պետական ճաշին։ Կարապետյանի համոզմամբ, վերադասավորումներ եւ որոշակի գործարքներ տեղի են ուենում նաեւ ընդդիմության շարքերում։ «Սա ասում եմ վերապահումներով. Լեւոն Տեր-Պետրոսյանին, օրինակ, ես չեմ կարող ընդդիմադիր համարել, որովհետեւ նա իշխանավոր է, տարբերությամբ, որ աթոռ չունի։ Եթե նրան դիմում են «պրն. նախագահ»-ով, ապա նախագահը մնում է նախագահ։ Ինչպե՞ս կարող է, որ նրան այդպես դիմեն եւ նա ընդդիմադիր լինի։ Ուրեմն դա թիմ է, որն այլ ձեւավորում ունի։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն իշխանավորն է։ Նրանք իրենք են խոստովանում, որ իրենց ծրագրերը նման են Սերժ Սարգսյանի ծրագրերին։ Ես ավելի ընդդիմադիր եմ, քան նա»,- հայտնեց Կարապետյանը՝ հավելելով, որ ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանին համակրում է՝ հույս ունենալով, թե նա, իշխանության գալով, կարող է պատժել ներկայիս իշխանությանը։ «Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս, թե իրենք կան եւ գործում են, որպեսզի չկորցնեն իրենց ընտրազանգվածը»,- համոզմունք հայտնեց Կարապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ՀԱԿ-ն ինքնամաքրման մտադրություն ունի, քանի որ գնում է ՀՀՇ-ից ազատվելու ճանապարհով:




























