Հայաստանի կառավարությունը բաց դռների քաղաքականություն է վարում՝ չկիրառելով ոչ մի սահմանափակում ներդրումների եւ մի շարք բարեփոխումների իրականացման առումներով, որոնց արդյունքներն ակնհայտ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հայ-իրանական բինես համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, Հայաստանը բազմավեկտոր տնտեսական քաղաքականություն է իրականացնում, ազատ առեւտրի ռեժիմ է սահմանել բազմաթիվ երկրների հետ: «Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական համագործակցությունը: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնալով ավելի շատ է նպաստում հայ-իրանական հարաբերությունների նոր փուլի անցմանը»,-ընդգծել է վարչապետը:
Այսօրվա գործարար համաժողովի նպատակն, ըստ նրա, իրանցի գործարարներին Հայաստանի հնարավորություններին ծանոթացնելն է: «Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին, դա նշանակում է, որ հայկական ապրանքներն առանց մաքսատուրքերի կարող են դուրս գալ 170-միլիոնանոց շուկա: Ազատ առեւտրի մասին պայմանագրեր են գտործում մոտ 250 երկրների հետ: Հայաստանն արտոնյալ առեւտրի ռեժիմ ունի Կանադայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի հետ»,-հիշեցրել է Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար գործում է ԵՄ-ի GSP+ ռեժիմը:
Նրա խոսքով, Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին կարող է վկայել նաեւ որակյալ աշխատուժը, որից կարող են օգտվել իրանցի գործարարները:
Հովիկ Աբրահամյանի կարծիքով, իրանցի գործարարների համար հետաքրքիր կարող են լինել տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոեսաշրջության, սննդամթերքի վերամշակման, տրանսպորտի եւ տեքստիլ արդյունաբերության ոլորտները:
«Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեն տրանսպորտային ուղիները, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, եւ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:





























