«Ժառանգություն» կուսակցությունը ներկայացված կլինի 5-րդ գումարման խորհրդարանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
Նրա համոզմամբ, վերջին երեք տարիներին կուսակցության հեղինակությունը պարբերաբար աճում է, համապատասխանաբար մեծանում է նաեւ նրա կողմնակիցների թիվը։ Դրա մասին, Սաֆարյանի խոսքով, վկայում են տարբեր հարցումները։ «Եթե մենք 2007-ին խորհրդարան անցանք բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի անձի շնորհիվ, ապա այժմ մենք հասարակության մեջ ընդունելի թիմ ունենք»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը։
««Ժառանգությունը» միակ ընդդիմադիր ուժն էր, որի ճանապարհը 2007-ին դեպի խորհրդարան չկարողացավ կասեցնել նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը։ Ճիշտ է, մեզանից որոշ ձայներ գողացան, բայց մենք, միեւնույնն է, անցանք, ինչը դարձավ Քոչարյանի պարտություններից մեկը։ Նա, չհաշտվելով այդ փաստի հետ, լուրեր տարածեց այն մասին, որ առանց իր «բարության» «Ժառանգությունը» խորհրդարան չէր անցնի։ Բայց մենք խորհրդարան անցանք առանց հովանավորչության եւ կաշառքի։ «Ժառանգության» ներկայությունն անխուսափելի է նաեւ 2012 թվականի խորհրդարանում»,- հայտարարեց Սաֆարյանը։




























