Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունն ու պետության եւ եկեղեցու տարանջատումը, սակայն միաժամանակ Հայ առաքելական եկեղեցին սահմանվում է որպես ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պահապան։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի «Աշխարհում կրոնական ազատության մասին» ամենամյա զեկույցում։ Զեկույցը նշում  է, որ «Եկեղեցու պատմությունը» պարտադիր առարկա է դպրոցական ծրագրում, ինչն առաջ է բերում տեղի փորձագետների քննադատությունը։ Զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ կառավարության գործողությունները ազդում են կրոնական փոքրամասնությունների վրա. այսպես օրինակ՝ զորակոչիկների վրա ճնշում են գործադրում հայկական եկեղեցում կնքվելու համար։ Բացի այդ, երկրում առկա են բանակում եւ դպրոցական կրթական համակարգում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսեւորումներ։

Ընդ որում, զեկույցում նշվում է, որ Եհովայի վկաները ողջունել են այլընտրանքային ծառայության մասին կառավարության նախաձեռնությունը։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա դրանցից շատերը շարունակում են նյութեր հրապարակել, որոնցում այլադավաններին ներկայացնում են որպես պետության թշնամի, թեպետ, ի տարբերություն  նախորդ տարիների, լրագրողների աշխատանքն ավելի օբյեկտիվ է դարձել։  Մի քանի կրոնական կազմակերպություններ հայտարարել էին Հայ առաքելական եկեղեցու հետ իրենց հարաբերությունների բարելավման մասին։ Զեկույցում նշվում է, որ միջկրոնական երկխոսության հարցը մշտապես բարձրացվում է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։