Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար  Նովրուզ Մամեդովի հայտարարությունը, ըստ որի Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը կասկածի տակ է դնում Ռուսատանի անաչառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ամենայն հավանականությամբ ուղղված է ներքին սպառմանը եւ Բաքվի ռազմաշունչ հռետորաբանության շարունակությունն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ այս հայտարարությունը կարելի է դիտարկել նաեւ որպես Մոսկվային

ուղղված մեսիջ։ «Ես շատ կցանկանայի, որ այս պայմանագրով Ռուսաստանի կշեռքի նժարը թեքվեր Հայաստանի կողմը, սակայն առայժմ պարզ է այն, որ փաստաթուղթն ավելի է ամրացնում Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում եւ ամենեւին չի խախտում Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը»,- նկատեց Գալստյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը չպետք է ծանրաքար դառնա գերտերությունների ձեռքին, այլ պետք է ջանա իր խնդիրներն ինքնուրույն  լուծել։ «Ամեն դեպքում, Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը չպետք է իրականացվի պետության ինքնիշխանության հաշվին»,- ամփոփեց Գալստյանը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը որակել էր որպես Մոսկվայի միակողմանի աջակցություն Երեւանին եւ կասկածի տակ դրել Ռուսաստանի օբյեկտիվությունը։