Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի մասնակցելու Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պաշտոնական բացման հանդիսությանը, համարելով, որ դրանով հստակ կեցվածք է որդեգրում Թուրքիայի  ուրացման ու ժխտումի հետեւողական քաղաքականության, հայկական կյանքում շփոթ ստեղծելու եւ միջազգային համայնքին՝ իբրեւ մարդու իրավունքների պաշտպան ներկայանալու Թուրքիայի փորձերի դեմ: Այս մասին ըստ Asbarez.com-ի հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունը:

«Բացահայտ իրողություն է, որ այս նախաձեռնությամբ Թուրքիան փորձում է միջազգային համայնքին ու հայ ժողովրդին ներկայանալ խաղաղասերի, բարի դրացիի ու մարդու իրավունքների պաշտպանի քողով, որի հետեւում նոյն ցեղասպան Թուրքիան է` իր ուրացումի ու ժխտումի նենգ դիվանագիտությամբ:

Մեր ժողովուրդը, ինչպես նաեւ միջազգային համայնքը քաջատեղյակ է, որ Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիո տարածքում գտնվող ավելի քան 2 հազար հայկական դարավոր վանքերն ու եկեղեցիները, Թուրքիայի կողմից կա՛մ քանդել են, կա՛մ մզկիթի վերածել եւ կա’մ՝ ախոռ դարձրել: Այս վանքերն ու եկեղեցիները պատկանում են հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Այս մասին ի՞նչ կարող է ասել Թուրքիան: Այս մասին ի՞նչ կարող է ասել ու մանավանդ անել միջազգային հանրությունը:

Այդ բազմաթիվ եկեղեցիներից մեկը զբոսաշրջիկներ հրապուրող, ըստ ձեւի՝ եկեղեցի, բայց ըստ էության՝ թանգարանի վերածելով, Թուրքիան չի՛ կարող խաբել հայ ժողովրդին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ամուր է իր կեցվածքում, Թուրքիայից պահանջելով Հայ Ժողովրդի դեմ իր ծրագրած ու գործադրած ցեղասպանության ճանաչումն ու դրա հատուցումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ախթամարի Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցու գմբեթին խաչ է տեղադրվելու եւ պատարագ է մատուցվելու:

Պատարագին մասնակցելու են Հայ առաքելական եկեղեցու երկու ներկայացուցիչներ: Պատարագը  գլխավորելու է Պոլսո հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը: Այս արարողության վերաբերյալ կարծիքները կիսվել են. հասարակության մի մասը կարծում է, որ դա դրական քայլ է, որը դուռ է բացում Թուրքիայի տարածքում մյուս հայկական հուշարձանների վերականգնման համար, իսկ ավելի ազգայնական տրամադրված հատվածը համարում է, որ հայերը չպետք է մասնակցեն այդ պատարագին, քանի որ դրանով ջուր կլցնեն Թուրքիայի քարոզչական արշավին: