Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ այսօր մասնակցել է Երեւանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառմանը:

Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդներին միավորում են հազարամյակների պատմությունը եւ սերտ մշակութային կապերը, որոնք գալիս են դարերի խորքից եւ դեռեւս շարունակվելու են դարեր: «Մարդկության հնագույն բնօրրաններից մեկում ձեւավորված եւ իրենց հարուստ պատմությունը կերտած հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդներն աշխարհին են ավանդել բարձրարժեք մշակութային ժառանգություն՝ հավերժական արժեքներով հարստացնելով համաշխարհային գանձարանը՝ լինի դա գրականության, երաժշտարվեստի, թատերարվեստի, ճարտարապետության, թե այլ բնագավառներում:

Մշակութային ժառանգության, հիրավի, լավագույն օրինակ է երկուսուկես դար առաջ Երեւանում կառուցված «Կապույտ» մզկիթը: Այս հիասքանչ կոթողը, իրապես, տարածաշրջանի մշակութային եզակի գոհարներից է, որով հիացել եւ իրենց ստեղծագործություններում անդրադարձել են մեր մեծերից Ռոմանոս Մելիքյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, ինչպես նաեւ մեծն Ֆիրդուսիի ծննդյան 1000-ամյակի առթիվ իրանական գրականության «մարգարիտ» «Շահնամե», «Ռոստամ եւ Զոհրապ» ստեղծագործությունների հայերեն թարգմանության հրատարակումը նախաձեռնող Եղիշե Չարենցը եւ շատ ու շատ այլ հայ երախտավորներ», - ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ եւ իրանցի ժողովուրդներին բնորոշ հանդուրժողականությամբ պայմանավորված՝ մշտապես առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվել պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները: «1990-ականներին սկսվեցին «Կապույտ» մզկիթի վերականգնման եւ վերանորոգման համատեղ աշխատանքները: Այժմ երկուստեք միջոցառումներ են ձեռնարկվում «Կապույտ» մզկիթը Հայաստանի Հանրապետության կողմից  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար: Միաժամանակ կցանկանայի իրանական կողմին շնորհակալություն հայտնել հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների եւ այդ հարստության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, ինչի արդյունքում «Իրանի հայկական վանական համալիրները» անվանակարգով Սբ. Թադեոսի, Սբ. Ստեփանոս վանական համալիրներն այլեւս ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Հարկ եմ համարում շեշտել, որ մենք բոլոր պատեհ առիթներով հիշատակում ենք իրանական փորձը՝ որպես իր տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակ», - ասել է կառավարության ղեկավարը:

Ընդգծելով, որ ողջ պատմության ընթացքում հայ եւ իրանցի ժողովուրդները փոխադարձաբար հարստացրել են երկու երկրների մշակույթները՝ վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել երկու երկրների եւ ժողովուրդների պատմության, մշակույթի եւ ավանդույթների ճանաչողության բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության, եւ Երեւանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումը դրա եւս մեկ վառ վկայությունն է: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հոգեւոր եւ մշակութային հրաշակերտ այս կոթողը կշարունակի մնալ որպես երկու ժողովուրդների մշակութային կապերի առհավատչյան եւ բարեկամության գրավական:

Երեւանի «Կապույտ» մզկիթը հիմնադրվել է 1764-1765 թվականներին: Իրանի Թավրիզ քաղաքի «Կապույտ» մզկիթին նմանվելու եւ նաեւ կապույտ սալիկներով պատած գմբեթի պատճառով մզկիթը կոչվել է Կապույտ: Այն արտացոլում է պատմության ընթացքում հայերի եւ իրանցիների խաղաղ համակեցությունը եւ հանդիսանում Հայաստանի ու Իրանի  ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:

«Կապույտ» մզկիթից ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է «Զվարթնոց» օդանավակայան: Իրանի իր գործընկերոջը ճանապարհել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: