Մինչեւ կառավարության որոշումը Զինված ուժերում ծառայություն իրականացնող հոգեւորականներին աշխատավարձ տալիս էր Մայր Աթոռը, իսկ պաշտպանության նախարարությունը նպաստ էր տրամադրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ անդրադառնալով կառավարության՝ հոկտեմբերի 15-ին կայացրած որոշումը, որով այսուհետ ԶՈՒ-ում ծառայություն իրականացնող հոգեւորականներին վճարելու է պաշտպանության նախարարությունը: 

«Դեռ տարիներ առաջ էինք դիմել պաշտպանության նախարարությանը, որ հոգեւորականներն աշխատավարձ ստանան: Մեր հոգեւորականները ծառայություն են իրականացնում սահմանային զորամասերում, մի մասն ընտանիք ունի, պայմաններ են պետք՝ ապրելու համար»,- ասաց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

ԶՈՒ հոգեւոր առաջնորդը դժվարացավ նշել՝ արդյոք տրամադրվող աշխատավարձը կբավարարի հոգեւոր սպասավորներին: Ի դեպ, աշխատավարձի չափը կկազմի 125-300 հազար դրամ՝ կախված Հայ եկեղեցու սպասավորի հոգեւոր կոչումից եւ ընտանիքի անդամների թվից:

Նշենք, որ ըստ որոշման՝ պաշտպանության նախարարության և Մայր Աթոռի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սկսած 1997 թվականից Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորները մշտական հիմունքներով հոգևոր ծառայություն են իրականացնում ՀՀ զինված ուժերի զորամասերում: Ներկայումս նշված ծառայողների ընդհանուր թվաքանակը կազմում է 51 հոգևորական, վերջիններս ծառայության դիմաց որևէ վարձատրություն չեն ստանում` համապատասխան հաստիքների բացակայության պատճառով, որի կապակցությամբ նախատեսվում է հոգևոր ծառայության դիմաց սահմանել ամսական կենսաապահովման ծախսերի չափերը, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը: