Ադրբեջանի արատաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայան ժամկետի երկարաձգման մասին արձանագության ստորագրումը երկու երկրների գործն է:
«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական արձանագրության ստորագրումը` այդ երկու երկրների գործն է: Դա վերաբերում է երկու երկրների կապերին: Արձանագրության ստորագրումը վկայում է Հայաստանում Ռուսաստնաի ռազմական նպատակների մասին: Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանն օգտագործում է Հայաստանի տարածքը որպես պլացդարմ, եւ Ռուսաստանը այդ ռազմական հարաբերությունները դիտարկում է որպես երկարաժամկետ: Դա է հիմնական վերջնարդյունքը: Անհանգստանալու պատճառ չկա: Մենք նախապես սպասում էին այսպիսի զարգացման եւ հասկանում էինք Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների իրողությունները»,- Ազիմովին մեջբերում է Trend.
Միեւնույն ժամանակ փոխնախարարը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Ադրբեջանի մտադրության մասին: «Մենք մտադիր ենք ընդլայնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հույս ունենք, որ ռուսական կողմը նույնպես նման մտադրություն ունի: Իսկ, թե ինչ է փոխում ստորագրած ռազմական արձանագրությունը, սկզբունքորեն, Ռուսաստանը երկար տարիներ է ռազմակայան պահում Հայաստանում: Նախատեսվում էր տեղակայում 25 տարվա ընթացքում: Արձանագրությամբ ժամկետը եւս 24 տարով երկարաձգվեց: Սկզբունքորեն, երկարաձգվում է ժամկետը: Իսկ ռազմակայանի տեղակայման դերը, կամ որեւէ ազդեցություն կարող էին դրսեւորվել 25 տարում էլ: Որեւէ սկզբունքային փոփոխություն չեմ տեսնում, ժամկետի երկարաձգումից բացի: Պարզապես, սա մեկ անգամ եւս ցույց է տալիս Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների առանձնահատկությունը»,- ասել է Ազիմովը:



























