Ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձեւ (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո'չ քաղաքական, ո'չ տնտեսական կյանքում, ո'չ էլ անվտանգության բնագավառում: Այդ մասին հայտարարել է, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի ուսուցչի հարցին:
Հարցին, թե «այսօր Արցախի Հանրապետությունը զարգանում եւ բարգավաճում է, բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձեւեր առաջ քաշել` դրանով իսկ փակելով միջազգային հանրության աչքերը: Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տվյալ կուրսը եւ չե՞ն հասկանում, վերջապես, որ սա այլ Հանրապետություն է, եւ նրանց հետ ոչ մի կապ չունի», Հայաստանի նախագահը պատասխանել է. «Լավ կլինի, որ այս հարցը Ալիեւին տաք, որովհետեւ ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականության համար պատասխանատու լինել: Ես առավելագույնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի եւ, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատվածների կողմից իրականացվող քաղաքականության համար: Մյուս կողմից, ես զարմանում եմ, որ Դուք զարմանում եք Ադրբեջանի գործողությունների, քայլերի առիթով եւ մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում եք: Միգուցե, պետք է անհանգստանալ, բայց այդ անհանգստությունը որեւէ ազդեցություն չպետք է ունենա ձեր գործունեության վրա: Ձեր խնդիրը` երեխա կրթելը, դաստիարակելն է, նրանց մեջ հայրենասիրական որակների ամրապնդումը, բարձր գիտելիքների նկատմամբ մեծ ցանկություն դաստիարակելն է եւ ոչ միայն դպրոցում, այլ որպեսզի նրանք, ընդհանրապես, կյանքում միշտ ձգտեն իրենց գիտելիքն ավելացնել: Պատասխանատուները, ովքեր զբաղվում են այդ խնդրով` զբաղվում են քաղաքականությամբ, կարծում եմ, լուծումներ կգտնեն»:
Ըստ նախագահի, «այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձեւ (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում»:
«Այդ բանաձեւին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերեւս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձեւին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձեւերի ընդունումը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»,- նշել է Սերժ Սարգսյանը:
«Սա` մի հանգամանք, եւ երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, եւ այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործենք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից եւս քայլեր կլինեն, եւ այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին: Բայց, նորից եմ խնդրում, որ ինձ հարցնեք մեր գործունեության մասին, իսկ մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որեւէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե` փոքր, միգուցե`դեռեւս պրոբլեմներով լի, բայց պետություն է, եւ այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու է»,- ասել է Հայաստանի նախագահն ու հավելել. «Գիտեք, դուք երեխաներին բացատրում եք, որ տարին ունի չորս եղանակ, եւ որեւէ մեկը չի կարող փոփոխել դա: Ուզես, թե չուզես, գարնանը հաջորդում է ամառը, ամռանը` աշունը, աշնանը` ձմեռը: Եւ այդպես էլ անփոփոխելի է մեր ընթացքը: Այս ընթացքը շարունակվելու է: Նորից վերադառնամ խնդրին, դուք ձեր ճակատում պետք է շարունակեք պայքարը, մենք` մեր ճակատում, սպաները, զինվորները` իրենց ճակատում: Եւ եթե մենք կարողանանք մեր բնագավառներում հաջողության հասնել, այն ժամանակ կարող ենք ասել, որ մեր պրոբլեմները քչանում են»:



























