Թեեւ տարածաշրջանը պայթյունավտանգ իրավիճակում է, սակայն Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը քիչ հավանական է: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ միջազգային կազմակերպություններում այսօր շատ մեծ դիվանագիտական եւ քաղաքական առավելություն ունի, եւ այդ առավելությունը կարող է օգտագործել եւ իրականացնել: «Իսկ պատերազմ սկսելով, Ադրբեջանը կարող է չհասցնել մի քանի օրում Ղարաբաղի հարցը լուծել իր օգտին, բայց կորցնելու է իր քաղաքական ու դիվանագիտական առավելությունը»,-նկատեց Իգիթյանը:

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Ադրբեջանն այսօր իր հույսերը կապում է Թուրքիայի ակտիվության եւ թուրք-ադրբեջանական լոբբինգի հետ եւ այդ պատճառով էլ պատերազմը առայժմ  չի դիտարկում որպես Ղարաբաղի հարցը լուծելու եղանակ: