Հայաստանի բջջային օպերատորները կարող են հեշտացնել ԱՊՀ երկրներում գործընկերների հետ փոխադարձ հաշվարկները։ Այս մասին հոկտեմբերի 22-ին կայացած Կառավարության նիստում հայտնել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով «ԱՊՀ մասնակից պետություններում միջազգային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ժամանակ օպերատորների միջև փոխադարձ հաշվարկների իրականացման պայմանների մասին» համաձայնագիրը։

Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա սակագների հաստատման եւ փոփոխության, ինչպես նաեւ ռոումինգում միջազգային զանգերի փոխադարձ հաշվարկների հարցում համաձայնեցրած մոտեցումներ մշակել։ Դրա շնորհիվ տարբեր երկրների օպերատորների սակագների միջեւ անհամամասնությունը կվերանա, ասված է Կառավարության հաստատած որոշման նախագծում։