Համացանցում հայտնվել է Բենեդիկտ Քամբերբեթչի ու Մարտին Ֆրիմենի դերակատարմամբ «Շերլոկ» սերիալի Սուրբ ծննդյան հատուկ դրվագի նոր պաշտոնական թրեյլերը: Նաեւ հայտնի է դարձել ֆիլմի թողարկման ժամկետն ու անվանումը:

Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված սերիալի նոր դրվագի գործողությունները կատարվելու են ոչ թե մեր ժամանակներում, այլ 19-րդ դարում, այսինքն այն նույն ժամանակաշրջանում, որը նկարագրված է սկզբնաղբյուրում: Հոլմսն ու Վաթսոնը հանդիսականին ներկայանալու են իրենց դասական կերպարներով՝ հետախույզը՝ որսորդական գլխարկով ու ծխամորճով, իսկ նրա օգնականը՝ կոտելոկով (եվրոպական կոշտ գլխարկ), հայտնում է Gazeta-ն:

Ինչպես հայտնում է Hollywood Reporter-ը, «Գարշելի հարսնացուն» սուրբծննդյան դրվագի պրեմիերան կկայանա հունվարի 1-ին, իսկ կրկնությունը՝ հունվարի 10-ին: Սա առաջին դեպքն է, երբ սերիալի դրվագների պրեմիերաների ժամկետները ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում համընկնելու են, նշում է պարբերականը: