Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին այսօր՝ Հոկտեմբերի 27-ին, փոքր միջադեպ գրանցվեց:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում էր նիստի օրակարգը, երբ ՀՀԿ–ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը տեղից բղավեց, որ հարկավոր է 1 րոպե լռությամբ հարգել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Գալուստ Սահակյանը սկզբում պատասխանեց, թե դրանով խախտվում է ԱԺ կանոնակարգը. «Դուք խախտում եք կանոնակարգը, ես բոլորից շատ եմ շահագրգիռ, բայց նիստից առաջ հատուկ այդ նպատակով արարողություն կատարել ենք, բայց եթե ցանկություն կա, սիրով 1 րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը»:

Դրանից հետո միայն պատգամավորները ոտքի կանգնեցին եւ 1 րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:

Նշենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 16-րդ տարելիցը: Խորհրդարանի նախագահը, պատգամավորներն ու 16 տարի առաջ սպանված քաղաքական գործիչների հարազատները ծաղիկներ դրեցին Հոկտեմբերի 27-ին նվիրված հուշարձանի մոտ:

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: