Հայաստանի իրավապահ մարմինները իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի Մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մարտի 1-ի սպանությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ դրանք պետք է լինեն հայաստանյան օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ սպանությունների կատարողներն ու կազմակերպողներն օրենքով սահմանված պատասխանատվության չեն ենթարկվել, քանի դեռ հանրությունը չի ստացել այս կապակցությամբ իր ունեցած բազմաթիվ հարցերի պատասխանները, եւ քանի դեռ սպանվածների իրավահաջորդներին չի վճարվել արժանի փոխհատուցում: Սա քաղաքական հայտարարություն չէ, այլ մի պնդում է, որը կարելի է հիմնավորել փաստերով»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` 2008թ. մարտի 1–ի 10 զոհերից 3-ը` Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը եւ Գոռ Քլոյանը, սպանվել են «Չերյոմուխա 7» զինատեսակից արձակված կրակոցից, նախաքննության մարմինը հայտարարում է, որ ինքը պարզել է, թե որ ոստիկաններն են այդ օրը օգտագործել նշված զինատեսակ, եւ անուններ է հրապարակում, սակայն դրանից ավելի գործն առաջ չի գնում:
«100-ավոր ոստիկանների աչքի առաջ դեպքը տեղի է ունենում, նրանք չեն տեսնում, իսկ ոստիկանությունն այսօր ուզում է քաղաքացին դեպքը տեսնելուց գնա ոստիկանություն, դիմում տա, որ ոստիկանությունը իր այդ տեսած հանցագործությունը բացահայտի: Հայաստանի ոստիկանները փաստորեն աշխարհի ամենագողական ոստիկաններն են, իրանք գրող տղերք չեն, իրանք չեն կարա իրանց տեսածը գրեն: Ոստիկանության պետը սրան-նրան է մեղադրում` գողական ես, թե պատգամավոր ես, հիմա դուք գողակա՞ն եք, թե՞ ոստիկան եք, ասեք` կողմնորոշվենք», -ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգմավորի կարծիքով` ՀՀ գործող իշխանությունը չի ունեցել, չունի եւ չի էլ ունենալու Մարտի 1-ի սպանություն բացահայտելու քաղաքական կամք:
«Դա կարող է անել Հայաստանում հաստատված նոր իշխանությունը, եւ ես ուզում եմ ընդգծեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում որպես ծրագրային դրույթ գրված է` հետամուտ լինել Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը: Ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել, չի մոռացվել նույնիսկ այն, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային անվտանգության նախարար էր, եւ նրա անձնական անմիջական պաշտոնական պարտականությունների մեջ էր մտնում ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ մյուս սպանված պաշտոնյաների եւ ընդհանրապես ԱԺ անվտանգության պահպանությունը: Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության նախարար լինելով պատսխանատվություն է կրում Հոկտեմբերի 27-ի համար` առնվազն պետական պաշտոնյանների անվտանգությունը պատշաճ ձեւով չապահովվելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 16-րդ տարելիցը: Խորհրդարանի նախագահը, պատգամավորներն ու 16 տարի առաջ սպանված քաղաքական գործիչների հարազատները ծաղիկներ դրեցին Հոկտեմբերի 27-ին զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:











