Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկն ափսոսում է, որ Վազգեն Սարգսյանը չամուսնացավ եւ ժառանգներ չունեցավ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ` հավելելով, որ եթե սպարապետը կենդանի լիներ, այսօր Հայաստանում կյանքը փոխված կլիներ:

«Հայաստանում այսօր մեր ժողովուրդն այսպես չէր ապրի կյանքը փոխված կլիներ, երեւի մի քանիսին Վազգենը խանգարում էր, թե չէ ի՞նչ ունեին նրա դեմ: Կռված, կրթված, հայրենիք ազատագրած, չեմ կարող ասել` մի օր կգա, երբ կբացահայտվի Հոկտեմբերի 27-ը»,- ասաց Գրետա մայրիկը:

Նշենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 16-րդ տարելիցը: Խորհրդարանի նախագահը, պատգամավորներն ու 16 տարի առաջ սպանված քաղաքական գործիչների հարազատները ծաղիկներ դրեցին Հոկտեմբերի 27-ին նվիրված հուշարձանի մոտ:

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: