ՀՅԴ-ն դրական է վերաբերվում Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման պայմանագրին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, եթե անվտանգության նոր համակարգեր չեն ստեղծվում, պետք է մնան հները, ինչպես ռուսական ռազմակայանի դեպքում: Ընդ որում, նա ընդգծել է, թե պայմանագիրը չի փոխում իրավիճակը Հարավային Կովկասում, քանի որ ռազմակայանն ինչպես եղել է , այնպես էլ մնալու է, երկարաձգվում է միայն մնալու ժամկետը: Նա նշել է, թե երկարաձգման ժամկետի ընտրությունը պատահական չի ընտրվել: « Հայաստանի իշխանությունների նախաձեռնած հայ-թուրքական գործընթացի պատճառով տարածաշրջանում պատերազմի հավանականությունը մեծացել է, աճել են Ադրբեջանում թուրքական զորակազմի տեղակայման շանսերը, հենց այդ պատճառով էլ ստորագրվեց այդ պայմանագիրը»,- ասել  Ռուստամյանը: