Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սերտ համագործակցությունը լիովին բնական երեւույթ է եւ, որոշ իմաստով, բխում է Հայաստանի շահերից: Նման կարծիք է հայտնել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ եթե հարաբերություններ է պահպանում միայն հակամարտության մի կողմի՝ Հայաստանի հետ, նրան կմեղադրեն սուբյեկտիվիզմի մեջ, իսկ դա կնպաստի Ադրբեջանի հինավուրց երազանքին՝ չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը: Իսկ իրադարձությունների նման զարգացումը հակասում է հայկական կողմի շահերին»,- նկատել է Ռուստամյանը: Ուստի, ըստ նրա, Ռուսաստանը պարտավոր է հարաբերություններ պահպանել հակամարտության երկու կողմերի հետ:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին կայանալու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցն Ադրբեջան: Մինչ այդ նա եղել է Հայաստանում, որտեղ ստորագրվել է ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգան պայմանագիրը:



























