Երեւանի Արաբկիրի ու Շենգավիթի տեղամասերի ընտրացուցակներն ուումնասիրելուց հետո ԱԺ ՀԱԿ խմբակցությունը պարզել է, որ երկու ընտրատարածքներում էլ ընտրողների թիվը 3 հազարով ավելացել է։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 29–ին, ԱԺ-ում շարունակվող` «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ասաց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ընդգծելով, որ դա աննախադեպ է` հաշվի առնելով այն, որ այդ 4-5 հազարով յուրաքանչյուր ընտրատարածքում ավելացել է արտագաղթը։

Արամ Մանուկյանը նաեւ ուշադրություն հրավիրեց ընտրացուցակներում բազմաթիվ մարդկանց անուն ազգանունների կրկնությանը. «Միայն 38 անգամ կրկնվում է Հովհաննիսյան Գայանեն, Գրիգորյան Արմենը` 36 անգամ, Անահիտ Հարությունյան` 50 հոգի, Սարգսյան Անահիտ` 51 հոգի։ Սա ընդամնեը մի ընտրատարածքում։ Կրկնվող անունները եւ անուն–ազգանունները կազմում եմ ցուցակների 20 տոկոսը»,– ասաց Արամ Մանուկյանը։

Ըստ նրա` սա նույն մարդկանց տարբեր տեղամասերում քվեարկության մանսակցելու հնարավորություն է տալիս։ Շատ մարդիկ, ըստ նրանց ուսումնասիրությունների, չունեն ծննդյան օր, ամսաթիվ, Արաբկիրում նրանց թիվը 270 է, Շենգավիթում`613։

Արամ Մանուկյանի համար կասկածելի է ընտրողների թիվը` 2.6 մլն մարդ։

«Մինչեւ 2008–ը Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում բնակչության եւ ընտրողների հարաբերակցությունը կազմում է  67–70 տոկոս, մինչդեռ 2008–ից հետո` այն Հայաստանում բարձրացել է 77 տոկոս, իսկ հիմա ամբողջ Հայաստանում այդ թիվն անցնում է 84–85 տոկոսը։ Ամենաբարձրը Վայոց ձորում է` 90 տոկոս, 91 տոկոս Կոտայքում, իսկ ամենազավեշտալին Լոռու մարզում է` 101 տոկոս, Վանաձորում` 113 տոկոսը»,– ասաց Արամ Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով` սա ունիկալ երեւույթ է, քանի որ միայն պաշտոնական տվյալով տարեկան 50–60 հազար մարդ է արտագաղթում, նույնքանով էլ ընտրողների ցուցակն ավելանում է։

Արամ Մանուկյանը կոչ արեց մաքրել ցուցակները, եւ քվեարկության հաջորդ օրը հրապարակել մասնակցածների ցուցակները. «Ինչո՞ւ չեք ուզում մաքրել ցուցակները, ուզում ես տեսնեմ`իմ մեռած հորեղբայրը, Լոսի, Կրասոնդարի բարեկամները քվեարկում են, թե ոչ։ Ինչո՞ւ չեք անում՝ ոչ ծախսի խնդիր կա, ոչ տեխնիկական»: