Տոտալ անարդարության եւ ապօրինության պայմաններում Հայաստանում երկու պետություն է ստեղծվել, հարուստ փոքրամասնության պետություն, որն օգտվում է վարչական ռեսուրսի բոլոր պտուղներից, եւ բախտի քմահաճույքին թողնված մեծամասնության պետություն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ստեղծված իրավիճակը շտկելու համար, ըստ պատգամավորի, Հայաստանում պետք է որակապես նոր իշխանություն ձեւավորվի: Ընդ որում, Ռուստամյանը հարց է բարձրացրել, թե կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը զարգանալ իր ազգային-պետական շահերի հաշվին ու ինքն էլ պատասխանել է. «ՀՅԴ-ն կարծում է, որ, այո՜, կարող է: Կան ուժեր, որոնք արմատապես այլ կարծիք ունեն, դրանք այն ուժերն են, որոնք ղեկավարվում են նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Այսօրվա իշխանությունները կարծում են, որ չի կարելի զիջումների գնալ, բայց նրանք ի վիճակի չեն ապահովել երկրի հետագա զարգացումը»,- նկատել է Ռուստամյանը՝ հավելելով, որ իշխանությունները շեղվել են ազգային պետական զարգացման ուղուց:

Խոսելով իշխանություն-ընդդիմություն հարաբերոթյունների մասին՝ Ռուստամյանը օրինակ է բերել, թե ինչպես իշխանությունները փորձել են խաբել ընդդիմությանն ու Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող առաջարկներ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին: Ըստ Ռուստամյանի՝ իրենք պատահաբար են իմացել այդ մասին: