ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության հայտարարությունն այն մասին, որ աշնանային նստաշրջանին նա քննարկման կդնի հայ-ռուսական ռազմական համաձայնագիրը, քարոզչական հերթական խայծն է։ NEWS.am-թղթակցի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիարկության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը աշնանային նստաշրջանում չի կարող օրակարգ մտցնել որեւէ փաստաթուղթ, քանի որ ըստ կազմակերպության կանոնադրության, փաստաթղթերը կարող են օրակարգ մտցվել միայն ամառային նստաշրջանում, տարին մեկ անգամ։
«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում բոլոր փաստաթղթերը օրակարգ են մտցվում, քննարկվում եւ քվեարկվում միայն ամառային նստաշրջանի ժամանակ, մայիսի կեսերից։ Այնպես որ, ես չեմ հասկանում, թե ինչի մասին են խոսում ադրբեջանցի խորհրդարանականները»-հայտարարել է Սաֆարյանը։ Նա նաեւ հաղորդել է, որ հաջորդ ամառային նստաշրջանը կկայանա 2011 թվականին Բելգրադում։
Նշենք, որ Trend գործակալության հաղորդմամբ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ժամանակ Ադրբեջանը քննարկման է դնելու հայ-ռուսական ռազմական համաձայնագրի հարցը։
«Աշնանային նստաշրջանի ժամանակ կբարձրացվի ագրեսոր-երկրի սպառազինման հարցը՝ նկատի ունենալով ռուս-հայկական ռազմական համաձայնագիրը»-հայտնել է ադրբեջանական պատվիրակության նախագահ Բահար Մուրադովան։ Նա նաեւ հայտնել է, որ ադրբեջանական կողմը կհայտնի իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման վերաբերյալ՝ Կովկասում ռուսական բանակի ընդլայնման պայմաններում։ Մուրադովայի խոսքով, նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաեւ ղարաբաղյան հարցը։
«Մշտական հանձնաժողովի նիստում զեկուցողները եւ հատուկ ներկայացուցիչները զեկույց կներկայացնեն այս խնդրի վերաբերյալ եւ տեղեկատվություն՝ խնդրի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին, այդ թվում տեղեկատվություն կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին»,-ասել է նա։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն անց կկացվի հոկտեմբերի 8-11-ն իտալական Պալերմո քաղաքում։



























