Օնլայն բանքինգը զարգացնելիս պետք է հիշել, որ այստեղ գլխավոր միտումներից մեկը սմարթֆոնով հաճախորդների քանակի աճն է։ Այս մասին «Ամերիաբանկի» կազմակերպած ՀՀ-ում հեռահար բանկինգի հեռանկարների վերաբերյալ քննարկման ժամանակ հոկտեմբերի 30-ին ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) ՏՏ տնօրեն Մաքսիմ Խալմատովը։
Հայաստանում Beeline-ի ռազմավարությունը շատ ինտենսիվ, շատ արագ խթանում է սմարթֆոնների եւ ինտերնետին միացրած այլ սարքավորումների ինտերնետ հասանելիությունը։
«Ինչ վերաբերում է բանկերին, ապա այստեղ միասնական որոշումներ չկան, եւ կշահեն նրանք, ովքեր ծառայություններ կտրամադրեն կոնկրետ սպառողի համար։ Ինչ հետաքրքրում է մի երկրի բաժանորդին, կարող է բացարձակապես անհետաքրքիր լինել մեկ այլ երկրում»,- հավելել է Խալմատովը։
Առցանց բանքինգի մեկ կարեւոր նախապայման է նաեւ կապի միանգամից մի քանի ալիքների հասանելիությունը։ Հաճախորդը պետք է հնարավորություն ունենա մի բան սկսել մեկ ալիքում եւ ավարտել մյուսում։ «Կան շատ ծառայություններ, որոնցով բաժանորդի համար դժվար է որոշում կայացնել, մինչեւ ինքը ինչ-որ բան «չշոշափի»,- նշել է Խալմատովը։





























