Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»–ի ճակատի հանրահավաքը։ (ֆոտոռեպորտաժ)

Բացի «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներից ներկա են եւ ելույթ են ունենալու նաեւ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, այս պահին Ազատության հրապարակում են «Ժառանգություն» կուսակցության անդամներ, ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ, սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող այլ ուժերի ներկայացուցիչներ։

Ազատության հրապարակում հավաքվածների թիվն առայժմ մեծ չէ` մի քանի տասնյակ մարդ, այս պահին մայրաքաղաքում անձրեւ է տեղում։

Հանրահավաքին հաջորդելու է երթ` Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց երթուղով։ Երթը կավարտվի Ազատության հրապարակում։ Կազմակերպիչները հայտարարում են, որ չնայած անձրեւին անպայման իրականացնելու են նախատեսված երթը։

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին, երկրորդը` Երեւանում հոկտեմբերի 2-ին։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am