Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում խոշոր վթարի հետեւանքով հայ երիտասարդ է մահացել։

KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Գլենդելում, Գոլդեն Սթեյթ թիվ 5 մայրուղու վրա, տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ի սահմաններում։

Քալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, Տոյոտա Պրիուս մակնիշի մեքենան բախման հետեւանքով շրջվել է, որի հետեւանքով վարորդը դուրս է ընկել մեքենայից։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վարորդը հայտնվել է ճանապարհի գովազդային վահանակի վրա եւ տեղում մահացել է։

Նրա դին վահանակից իջեցնելու համար հատուկ տեխնիկա է բերվել։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, զոհվածը Բըրբանք քաղաքի 20-ամյա բնակիչ Ռիչարդ Փանանյանն է։

Առայժմ անհայտ է, թե որքան մեքենաներ են ներգրավված եղել վթարի մեջ։ Դեպքից հետո ոստիկանները փակել են մայրուղին քննության համար, սակայն մոտ չորս ժամ անց մայրուղին բացվել է։ Հետաքննությունը շարունակվում է։