ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միանգամայն նորմալ երեւույթ, անգամ` անհրաժեշտություն է համարում արտերկրում կրթություն ստանալը, հատկապես` որոշ մասնագիտությունների գծով, որոնց կարելի է տիրապետել միայն արտերկրում: Նման տեսակետ է հայտնել Սերժ Սարգսյանը, այսօր՝ օգոստոսի 31-ին ուսանողների ու աշակերտների հետ զրույցի ընթացքում:
«Նույնիսկ Հայաստանում սովորածներին եւ ավարտածներին մեկ-մեկ խորհուրդ եմ տալիս վերապատրաստում անցնել նաեւ արտերկրում: Մենք խրախուսում ենք արտերկրում սովորողներին եւ պատահական չէ, որ այստեղ` նախագահական նստավայրում, հանդիպումներ ենք ունենում բոլոր այն ուսանողների հետ, ովքեր սովորում են արտասահմանի առաջնակարգ ուսումնական հաստատություններում: Մենք շատ շատերի համար սահմանում ենք կրթաթոշակներ: Մի բան ակնհայտ է` եթե կարելի է նույն մասնագիտությունը նույն որակով ստանալ թե' Հայաստանում, թե' արտերկրում, իհարկե, նախընտրելի է սովորել Հայաստանում:
Իսկ եթե այդ հնարավորությունները մենք չունենք, միայն կարելի է ողջունել եւ խրախուսել արտերկրում կրթություն ստանալը: Սակայն շատ կարեւոր է, որ գիտելիք ստանալուց հետո վերադառնաք հայրենիք: Եթե ստացած գիտելիքները հնարավոր չէ հայրենիքում կիրառել, ապա որեւէ վատ բան ես չեմ տեսնում, որ երիտասարդ մասնագետը, իր գիտելիքները փորձի կիրառել արտերկրում, այնուհետեւ վերադառնա Հայաստան: Այդպիսի դեպքեր էլ են լինում: Ես ասացի, որ մեր արմատներն այստեղ են, մեր հայրենիքն այստեղ է, եւ յուրաքանչյուր հայ պետք է մշտապես մտածի, թե ե՞րբ է վերադառնալու իր արմատներին, ե՞րբ է վերադառնալու հայրենիք, որովհետեւ հայրենիքը միշտ սպասում է իր զավակներին: Նորից եմ կրկնում, եթե մարդ իր տաղանդն ամբողջովին չի կարողանալու դրսեւորել իր հայրենիքում, որեւէ խնդիր այստեղ չկա: Ես կարող եմ մի պարզ օրինակ բերել` կարող է լինել մասնագիտություն, լինել գիտության ճյուղ, որը Հայաստանում զարգացած չէ, չունի համապատասխան լաբորատորիաներ, համապատասխան պայմաններ: Այս դեպքում շատ նորմալ երեւույթ կլինի:
Բայց երբ մեր երիտասարդներն արտերկրում կատարում են աշխատանք, որ Հայաստանում էլ կարելի է անել, այդ պարագայում ես չեմ հասկանում այն հայ երիտասարդներին, ովքեր մնում են արտերկրում: Այնպես որ, շատ հանգիստ կարող ես սովորել, գիտելիք ձեռք բերել: Իսկ այստեղ սպասելու ենք, որ վերադառնաս Հայաստան եւ քո գիտելիքն օգտագործես ի նպաստ մեր ժողովրդի»,- ասել է երկրի ղեկավարը:



























