Վանաձորցի 25-ամյա Կարեն Կուլակյանը համակարգչով տեքստ հավաքելու աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր է: 2011թ. Փարիզում անցկացված աշխարհի առաջնությունում Ֆրանսիան ներկայացնող Կարենին մի քանի միավոր է պակասել, որ առաջ անցնի Թուրքիայի մասնակցից ու դառնա աշխարհի ամենաարագ տեքստ հավաքողը:

«Առաջին տեղում թուրք էր, երկրորդ տեղում` հայ, երրորդ տեղում` թուրք: Ես տպեցի 30 րոպե, միջինը 682 նիշ` 1 րոպեում: Հաշվի էր առնվում արագությունը եւ առանց սխալների տպելը: Բայց ես օրիգինալ չեմպիոն եմ, որովհետեւ եթե բոլոր չեմպիոնները տպում էին 9-10 մատով, ես տպում էի հինգ մատով»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կարենը՝ հիշելով, որ մրցույթի նախորդ օրը պարապելու փոխարեն ժամանակը օգտագործել է մրցույթի մյուս մասնակիցների հետ ծանոթանալու, նրանց ասելու համար, որ հայ է, թեեւ Ֆրանսիան է ներկայացնում:

Կարենը թայփինգի մեջ վարպետացել է ինքնուրույն: 11 տարեկանում համակարգչային խաղի հանդեպ ունեցած հետաքրքրությունը տարիներ հետո նրան դարձրել է ֆրանսերեն ամենաարագ տպողը:

«11 տարեկան էի, ինտերնետով շատ էի չաթ անում, խոսում էի բոլորի հետ: Խաղ կար, scrambler էր կոչվում, այդ խաղն էի խաղում, պետք էր արագ բառեր կազմել խառը տառերից: Ամիսներ շարունակ խաղում էի, մի 4 ամիս հետո էլ չէի նայում կլավյատուրային, կարողանում էի տպել առանց դրա»,- պատմեց Կարենը:

Առաջին անգամ Կարենը 15 տարեկանում է մրցույթի մասնակցել: Առցանց մրցել է իր տարիքի արագ տպողների հետ ու երրորդ տեղն է գրավել:

«2005թ. հետաքրքրվեցի, իմացա, որ աշխարհում թայփինգի մրցույթներ կան, գտա իրենց, զանգեցի: Մրցույթը 10 րոպե էր տեւում, մասնակցեցի ու 3-րդ տեղը գրավեցի, չնայած որ առաջին անգամն էր, ու ես սթրեսի մեջ էի, բացի այդ՝ չէի հասցրել պարապել նորմալ»,- ասաց Կարենը:

Առաջին հաղթանակը ճանապարհ պետք է բացեր Կարենի մյուս՝ ավելի մեծ հաղթանակների համար: Օրերով պարապել  ու մի քանի անգամ ավելացրել է տպելու արագությունը: Աշխարհի մակարդակով առցանց մրցույթներին տարբեր՝ այդ թվում  առաջին մրցանակի արժանանալուց հետո Կարենը մի քանի տարի շարունակ պաշտոնապես եղել է Ֆրանսիայում ամենաարագ տեքստ հավաքողը: 2011թ. նա արդեն ուներ վարկանիշ` թայփինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

«Մասնակցեցի ու երկրորդ տեղը գրավեցի: Իհարկե, ես Ֆրանսիան էի ներկայացնում, պատի վրա գրված էր, որ Ֆրանսիան է երկրորդ տեղում, բայց ես բոլորին ասում էի, որ ես հայ եմ ու շատ կուզեի, որ Ֆրանսիայի փոխարեն ռենքինգի վրա Հայաստան գրված լիներ»,- նշեց Կարենը, որը 4 տարեկանից Վանաձորից ընտանիքով տեղափոխվել է Ֆրանսիա բնակության, Ֆրանսիայի քաղաքացի է:

Մասնագիտությամբ մենեջեր, տնտեսագետ Կարենը, որն արդեն մի քանի համալսարան է ավարտել, աշխատել մի քանի երկրներում, ժամանակ չունենալու պատճառով երկու տարի առաջ թողել է իր սիրելի հոբբին:

Վստահաբար ասում է՝ եթե մի օր հնարավորություն ունենա Հայաստանը ներկայացնելու, ապա առանց երկմտելու կդադարեցնի ամեն տեսակի զբաղմունք ու ամբողջ ուժերը կներդնի, որ մրցույթի հաղթողների շարքում առաջինը Հայաստանի անունը լինի:

Գայանե Ալեքսանյան