Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդներից երկրորդը՝ Բագրատ Հովակիմյանը, որը ղեկին չի եղել, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ Հովակիմյանը 4-5 տարի է՝ աշխատում էր «Քինգ Դելյուքս» ընկերությունում:

«Փորձառու վարորդ է, մինչեւ այդ էլ Աբովյան-Երեւան երթուղային տաքսիներ էր վարում: Դեպքի մասին մանրամասներ չգիտենք: Միայն գիտենք, որ ղեկին Գառնիկ Հարությունյանն է եղել»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Վարորդի կինը՝ Արմինե Այվազյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ ամուսինը շատ զգոն վարորդ է: Ըստ Արմինե Այվազյանի՝ ամուսինը մոտ 2 շաբաթ Մոսկվայում էր եւ սպասում էր այս ուղերթին:

Թե որն է եղել վթարի պատճառը, Արմինե Այվազյանը հրաժարվեց որեւէ վարկած նշել: Նա հուզված էր եւ խուսափում էր մանրամասներ հայտնել: Արմինե Այվազյանը նշեց միայն, որ Բագրատ Հովակիմյանի հետ դեռ կապ չեն հաստատել: Դեպքից առաջ էլ Բագրատ Հովակիմյանն ընտանիքին չի զանգել:

Նշենք, որ մյուս վարորդը՝ Գառնիկ Հարությունյանը, Արամուս գյուղից է

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: