Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած ուղեւորների մարմինները հնարավոր է՝ նոյեմբերի 4-ին տեղափոխեն Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:

Նա հայտնեց, որ առավոտյան Տուլայում կլինի արդեն ՀՀ կառավարական հանձնաժողովը, որի անդամները հանդիպումներ կունենան իրենց ՌԴ գործընկերների հետ:

«Ովքեր ի վիճակի կլինեն, նոյեմբերի 4-ին հնարավոր է՝ արդեն գան Հայաստան: Չի բացառվում, որ նույն օրը Երեւան կտեղափոխվեն զոհված ուղեւորների մարմինները»,- ասաց Արտակ Ղազարյանը:

Դեռեւս հայտնի չէ, թե շրջանի հիվանդանոցներում գտնվող տուժածները երբ կտեղափոխվեն Երեւան:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է: