Ոստիկանության Կենտրոնական բաժնում այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ սեպտեմբերի 21-ին Երեւանի կենտրոնում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի միջեւ առերեսումը տեւել է մոտ երկու ժամ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ռուբեն Հայրապետյանն արդեն դուրս է եկել բաժնից, սակայն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով «Իզուր եք սպասել» եւ հեռացել:
Սմբատ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախաքննությունից գոհ է, եւ առերեսման ժամանակ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել:
Իրավաբան Արմեն Խաչատրյանի խոսքով՝ առերեսումից մանրամասներ հայտնել չեն կարող՝ ելնելով նախաքննական փուլի շահերից: Իրավաբանը միայն տեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանը գործով որպես վկա է ներգրավված:
Նշենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկն ասել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին` ոմն Տիգրանի, որը, ազատամարտիկի տեղեկությամբ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։ Ռուբեն ՀայրապետյանըNEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ իր թիկնազորում Տիգրան անունով մարդ չկա, իսկ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին անվանել էր խաբեբա:
Հիշեցնենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:











