Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման փաստաթուղթը նոր հնարավորություն է ստեղծում սպառնալիքների դեմ Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ պայքարի համար, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս Գյումրիում տեղակայված 5 հազարանոց ռազմակայանը կարող է պատասխանատվություն կրել Հայաստանի բոլոր սահմանների անվտանգության համար:

Նրա խոսքով, տվյալ փաստաթուղթը ռազմական գործոնների հետ մեկտեղ ամրապնդել է Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցությունը: Նախարարը տեղեկացրել է, որ այս փուլում Գյումրիի ռազմակայանում բարեփոխումներ են իրականացվում, որոնց որոշակի կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխություններ են ենթադրում: «Բարեփոխումների իրականացումից հետո մենք համատեղ իրականացնելու ենք այն, ինչ ամրագրված է արձանագրության մեջ»,- հավաստիացրել է նա: Նախարարը կրկին ընդգծել է, որ արձանագրության ստորագրումը բխում է Հայաստանի շահերից՝ հավելելով, որ հանրապետությունում նոր ռուսական ռազմակայաններ չեն տեղակայվելու:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցի շրջանակներում ստորագրվել է Գյումրիում 102-րդ ռազմակայանի տեղակայման ժամետը 49 տարով երկարաձգելու պայմանագիրը: