Հայկական ոչխարի մսի արտահանման շուրջ հետաքրքրությունն աճում է: Նոյեմբերի 4-ին խորհրդարանում կայացած 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով, անցյալ տարի Հայաստանը կենդանի ոչխարների արտահանումից անցավ ոչխարի մսի արտահանմանը: 2014 թվականին մեր երկիրը 200 տոննա միս է արտահանել, այս տարի՝ արդեն 400 տոննա: «Չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ արտահանման ծավալներն աճեն: Նոր գնորդներ են հայտնվել»,- հավելեց նախարարը:
Նա հիշեցրեց, որ 2015 թվականին Մասիս քաղաքում շահագործման է հանձնվել «հալալ սպանդանոցը», որը կառուցվել է իրանցի ներդրողների կողմից եւ աշխատում է Իրան միս արտահանելու համար:




























