Տուլայի մոտ կողաշրջված Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածները, որոնց ՌԴ ԱԻՆ օդանավով Երեւան էին հասցրել, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Շտապօգնության մեքենաներով հիվանդանոց հասցված 8 տուժածներն են` Աշոտ Իսպիրյան (1980 թ.), Լեւոն Ուսունյան (1971թ.), Սերգեյ Առաքելյան (1987 թ.), Նարինե Երեմիշյան (1961 թ.), Կարեն Սաֆարյան (1985թ.), Ռադիկ Անտոնյան (1972 թ.), Արկադի Համբարձումյան (1992 թ.), Սարգիս Մկրտչյան (1966 թ.)։
Երեւան են հասցվել նաեւ վթարից չտուժած եւ թեթեւ վնասվածք ստացած 32 ուղեւորները։
Տուլայի մարզի հիվանդանոցներում շարունակում են բուժել 12 տուժածի։
Նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել։ Յոթ մարդ զոհվել է։ Եվս մեկը մահացել է հիվանդանոցում։
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։











