Ռուսաստանի Տուլայի մարզում Մոսկվայից Երեւան ուղեւորվող վթարված ավտոբուսի՝ Ժորա անունով ուղեւորը ուսն ու արմունկն է վնասել: Վթարից հետո նրան Մոսկվայից ԱԻՆ հատուկ օդանավով Երեւան են տեղափոխել, իսկ հետո՝ մեքենայով հասցրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տղամարդը պատմեց, որ ավտոբուսում պատուհանի մոտ է նստած եղել, ընդ որում կողմում, որի վրա շրջվել է մեքենան: Ժորան գլուխը ոչ մի տեղ չի խփել եւ գիտակցությունը չի կորցրել: Նա հիշում է, որ վթարից հետո առաջին րոպեներին դող է զգացել, բայց հետո հավաքել է ուժերն ու սկսել օգնել մյուս տուժածներին:

Երբ դեպքի վայր են ժամանել բժիշկները, նրան առաջին օգնության բուժկետ են հասցրել, մշակել վերքերը:

Մեկ այլ տուժած ուղեւոր էլ պատմեց, որ վթարի պահին քնած է եղել եւ ոչինչ չի հիշում: Նա գլխի թեթեւ վնասվածք ունի:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ հիվանդանոց Տուլայում տեղի ունեցած վթարի հետեւանքով 9 տուժածի են տեղափոխել. 8 տղամարդ եւ 1 կին:

Նրա խոսքով, տուժածները ողնաշարի, կրծքավանդակի վնասվածք, կապտուկներ ունեն: Հիվանդները հետազոտվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել: 7 մարդ զոհվել է, եւս մեկը մահացել է հիվանդանոցում:

Նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԻՆ հատուկ օդանավով Երեւան են տեղափոխել զոհերի մարմիններն ու մի քանի տասնյակ ուղեւորներ: 12 հոգի դեռեւս Տուլայի մարզային հիվանդանոցում են: