Օգոստոսի 31-ին ադրբեջանական կողմի հերթական սադրիչ դիվերսիոն գործողության առնչությամբ հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ այդմ, նշվում է, որ Ադրբեջանը հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին եւ կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը, հերթական անգամ դիմել է սադրիչ դիվերսիոն գործողության:
«ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` օգոստոսի 31-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ եւ ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, եւ թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, կրելով կորուստներ` զոհեր եւ վիրավորներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտի ընթացքում հրազենից վիրավորվել է ստացել ՊԲ շարքային զինծառայող, 19-ամյա Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր իսկ նախաձեռնած սադրանքը վերագրել է ղարաբաղյան ուժերին եւ տեղեկություններ տարածել, թե, իբր, զինված առճակատման արդյունքում հայկական կողմը տվել է զոհեր: Այդ հայտարարությունները բացարձակ ապատեղեկատվություն են եւ չեն համապատասխանում իրականությանը:
Այս ամենը հերթական անգամ փաստում է, որ հարեւան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում եւ վտանգելով կարգավորման բանակցային գործընթացը:
Ադրբեջանական զինված ուժերի նման գործելաոճը, սադրիչ գործողությունները ոչ միայն հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության սրման պատճառ են դառնում, այլեւ չեն համապատասխանում ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին հարեւան երկրի ղեկավարության հայտարարություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:




























