Հայաստանի նորաբաց ակադեմիայում այսօր` սեպտեմբերի 1-ին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը անցկացրեցին նաեւ առաջին ասուլիսը (ֆոտոռեպորտաժ):

«Շատ ուրախ եմ երրորդ անգամ գտնվել Հայաստանում: Այստեղ եմ Ռուբեն Հայրապետյանի հրավերով, այս կենտրոնի բացմանը: Հայաստանի եւ ՈւԵՖԱ-ի համագործակցությունն անվերջ գործընթաց է: Դա անվերջ համագործակցություն է եւ ներդրումները չեն դադարի այս կենտրոնի ֆինանսավորումով: Այս պրակտիկան գոյություն է ունեցել մինչեւ իմ նախագահ դառնալը եւ դա կշարունակվի տասնյակ տարիներ»,- ասաց Պլատինին:
Լրագրողների խնդրանքին`գնահատել հայկական ֆուտբոլը,Պլատինին հայտարարեց. «Հայաստանի ֆուտբոլի մասնագետ չեմ: Իմ միակ դերը ազգային ֆեդերացիաներին օժանդակելն է: Հայաստանի ֆուտբոլը Եվրոպայում չի ցուցադրվում եւ ես չգիտեմ, թե ինչ վիճակում է: Բայց տեսել եմ Թուրքիա - Հայաստան խաղը: Ես կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը լավ հանդես եկավ, Ռուբեն Հայրապետյանը կարծում է` ոչ»:

Անդրադարձ եղավ նաեւ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Շախտոյր»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխոթյունը շատ հաճելի իրադարձություն էր հայկական ֆուտբոլում: «Դա օգուտ է մեր ազգային հավաքականին: Նա կուժեղանա եւ կուժեղացնի մեր թիմի խաղը: Նրա տրանսֆերը բավականին գայթակղիչ է եւ դրա շնորհիվ Եվրոպայում կսկսեն հետարքրքվել հայ ֆուտբոլիստներով»,- նշեց Հայրապետյանը:

Պլատինին իր հերթին հավելեց, որ համերաշխության համակարգի համաձայն, «Փյունիկ» ակումբը պետք է որոշակի գումար ստանա Հենրիխի տեղափոխությունից:

Եզրափակելով ասուլիսը` ՀՖՖ նախագահը լրագրողներին խնդրեց  հետեւել ֆուտբոլին եւ մի փոքր հասկանալ ֆուտբոլ: Նա մեկ անգամ եւս խորին երախտագիտություն հայտնեց ՈւԵՖԱ-ին եւ Միշել Պլատինիին`հայ ժողովրդի եւ Հայաստանի անունից: