Կապի եւ տրանսպորտի նախարարության անգործության հետեւանքով են ծագում ուղեւորափոխադրումների հետ կապված խնդիրները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Տուլայում «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող ավտոբուսի վթարին՝ նա ասաց, որ հենց առաջին օրը լրատվամիջոցներից տեղեկանալով դեպքի մասին՝ հայտարարել է, որ պետք է մեքենաների մեջ տեղադրված լինի ցուցատախտակ, որտեղ գրվում են վարորդների աշխատանքային ու հանգստյան ժամերը։ Սա պարտադիր պահանջ է միջազգային փոխադրումների համար՝ թե բեռնափոխադրող, թե ուղեւորափոխադրող։

«Ըստ միջազգային նորմերի՝ 4,5 ժամ մեքենան վարելուց հետո վարորդը պետք է 45 րոպե հանգստանա, իսկ 9 ժամ վարելուց հետո պետք է 24 ժամ մեքենա չվարի։ Սա այն դեպքում, երբ վարում է մենակ։ Կարեւոր են շատ նաեւ տեխզննման հարցերը, որոնք պիտի հստակ արվեն ու փաստաթուղթ լինի»,- նկատել է ՀԿ նախագահը։

Էդուարդ Հովհաննիսյանը շեշտեց, որ կարեւոր հանգամանք է նաեւ ուղեւորների ապահովագրությունը.«Ուղեւորները պետք է ապահովագրված լինեն, ինչպես ինքնաթիռի դեպքում։ Ես չգիտեմ՝ անում են, թե չէ։ Եթե անեին, պետք է փոխհատուցում տրվեր օրինակ վերջին վթարի զոհերին։ Բայց հիմա, պետությունն է հոգում հողարկավորության գումարները , բայց այդպես չպետք է լինի»։