Ներկայումս Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը կարող է շահարկման առարկա դառնալ տարբեր միջազգային ատյանների կողմից, հաշվի առնելով տարբեր հակասություններ: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ, արցախյան շարժման մասնակից Սուրեն Զոլայնը: Նա նշեց, որ ավելի լավ է ընդունել ոչ թե նման դեկլարատիվ հռչակագիր, այլ կազմել ԼՂ-Հայաստան ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական դաշինք: «Այս դաշինքը, որին փաստաթղթային տեսք կտրվի, կվավերացնի այն վիճակը, որն այսօր գոյություն ունի: Որովհետեւ, եթե խոսում ենք ԼՂ անկախության մասին, ապա պետք է դե ֆակտո ճանաչենք այն վիճակը, որն առկա է: Այսօր ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ առկա են կոնֆեդերատիվ հարաբերություններ»,-հավելեց Զոլյանը:
Իսկ այս պահին, նրա կարծիքով, պետք է սպասել դեպքերի զարգացմանը: Եւ եթե Ադրբեջանը շարունակի իր ռազմատենչ քաղաքականությունը եւ փորձի ինչ-ինչ ձեւով վիժեցնել բանակցությունների գործընթացը, ապա, բանախոսի կարծիքով, պետք է Հայաստանն սկսի ԼՂ-ի ճանաչման գործընթացը:




























