Պաշտոնական այցով նոյեմբերի 8-10-ին Իրանում գտնվող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպումների ժամանակ ներկայացրել է արտոնյալ առեւտրային ռեժիմները այլ երկրների հետ, ԵՏՄ անդամակցությամբ բացվող հնարավորությունները:

Նոյեմբերի 9-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության եւ Հայաստանի Զարգացման Հիմնադրամի ջանքերով:

Նոյեմբերի 9-ին` Թեհրանում Կարեն Ճշմարիտյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, Հայաստանի` ԵՏՄ անդամակցության եւ ԵՄ հետ փոխգործակցության ակտիվացման համատեքստում համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի, կապի, այդ թվում, ինտերնետ հասանելիության ոլորտներին առնչվող հարցեր:

Մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտոնյալ առեւտրային ռեժիմները այլ երկրների հետ, ԵՏՄ անդամակցությամբ բացվող հնարավորությունները եւ Հայաստանին վերապահված բացառությունները, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի արձանագրած հաջողությունները: Կարեն Ճշմարիտյանը բարձրացրել է նաեւ Իրանի կողմից փոխադարձ առեւտրում կապի եւ ինտերնետ ծառայությունների գների իջեցման հարցը, որին ի պատասխան Մահմուդ Վայեզին պատրաստակամություն է հայտնել քննարկել նշված խնդիրը:  Նա  կարեւորել է փոխադարձ ներդրումների, ինչպես նաեւ փոխադրումների եւ ճանապարհների կառուցման հարցերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակցել երկու երկրներում կազմակերպվող ՏՏ եւ ինովացիոն ոլորտների միջոցառումներին, ցուցահանդեսներին: