Տուլայի մոտ նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին դեռեւս պաշտպանում է հանրային պաշտպանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին վարորդի հարազատները՝ նշելով, որ իրենք փաստաբան չեն վարձել:
«Մենք սպասում ենք համալիր տեխնիկական փորձաքննության եզրակացությանը, որից հետո եթե համաձայն չլինենք արդյունքների հետ, կմիջնորդենք, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակվի»,- ասացին Հարությունյանի հարազատները:
Նշենք, որ Գառնիկ Հարությունյանի համար փաստաբան պետք է վարձեր նաեւ «Քինգ Դելյուքս» ընկերությունը, որին պատկանում էր վթարված ավտոբուսը: Սակայն առ այսօր ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը խոստումը չի կատարել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2015թ. նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։
Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով: Հետաքննությունը շարունակվում է, ավտոբուսի համալիր տեխնիկական փորձաքննություն է անցկացվում:
Ռուսական կողմը վթարի երկու հավանական վարկած է դիտարկում՝ ավտոբուսի ղեկին վարորդի քնելու եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության:





























