Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող հիվանդներից մեկը` առողջացումով դուրս է գրվել: Նա երեկոյան կժամանի Երեւան: Նախատեսվում է նաեւ եւս մեկ հիվանդի դուրս գրում եւ տեղափոխում Երեւան:
Քննարկվում է գլխուղեղի վնասվածքներ ունեցող հիվանդի ուղղաթիով Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ տեղափոխման հարցը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, թե ռուս մասնագետների հետ հրավիրված բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշվել էր Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվող մեկ այլ հիվանդի կատարել բարձր տեխնոլոգիական միջամտություն պահանջող երկու վիրահատություն: Նախատեսվում է ողնաշարի պարանոցային հատվածում նոր ֆիքսացիա իրականացնել:
Նշենք, որ վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի եւ Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո:
Այս պահի դրությամբ` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը դեռեւս շարունակում է վթարից տուժած 2, իսկ Մխ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում մեկ հիվանդի բուժումը:





























