Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգոստոսի 31-ին տեղի ունեցած միջադեպը տեղին չէր: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: «Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել ռազմաճակատում, սակայն իմ մանդատը թույլ չի տալիս հետաքննություն իրականացնել»,-ասել է Կասպշիկը: Նա նշել է, որ Ղարաբաղում, Երեւանում եւ Բաքվում մի շարք հանդիպումներ է ունեցել զինվորականների հետ: «Տեղեկությունը, որը նրանք ինձ տրամադրել են, հակասական է»,-հայտնել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին համապատասխան քայլերի եւ, հակառակորդին պատճառելով կորուստներ, հետ էին շպրտել իր ելման դիրքերը: Տեղի ուեցածի հետեւանքով ադրբեջանական բանակի երկու զինվոր զոհվել է:




























