Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նախատեսված է ներքին լսարանի համար: Այս մասին, ըստ 1news.az-ի, հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլհան Պոլուխովը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է»: Պոլուխովի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունն իր ապակառուցողական քաղաքականությամբ, էլ ավելի է բարդացնում իրավիճակը առանց այդ էլ լարված տարածաշրջանում: «Փոխանակ գիտակցելու, որ հարկավոր է վերականգնել Ադրբեջանի ինքնիշխանությունը օկուպացված տարածքների նկատմամբ, փոխանակ հայ ժողովրդին ասելու, որ ԼՂ-ի հայ եւ ադրբեջանական համայնքները պետք է  խաղաղ եւ համատեղ գոյակցեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակերում, Հայաստանի  քաղաքական գործիչները է՜լ ավելի են  խորացնում շփոթը հայ հասարակության շրջանում, տալով նրան անիրականանալի խոստումներ»,-ասել է նա: 

Հիշեցնենք, որ  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ անկախության տոնի առթիվ հղած իր ուղերձում ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի' արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք,  այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են: Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները»