Ֆրանսիայի կառավարությունը եւ ժողովուրդը երախտապարտ է հայ ժողովրդին դրսեւորած կարեկցանքի համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ նշելով, որ քաղաքացիների հոսքը դեպի դեսպանատուն վաղ առավոտից չի դադարել: (ֆոտոռեպորտաժ)
«Եւս մեկ անգամ նման ահաբեկչությունների զոհ են գնում անմեղ մարդիկ, սա կրոնական անհանդուրժողականության որոշակի դրսեւորման արդյունք է: Ամբողջ օրվա ընթացքում մեզ ուղղված ցավակցական ուղերձներից դատելով՝ կարող ենք ասել, որ բոլորը վճռական են տրամադրված՝ միավորվելու այս զարհուրելի չարիքի դեմ պայքարում»,-ասաց դեսպանը:
Նշենք, որ Ֆրանսիայի դեսպանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այսօր` նոյեմբերի 14–ին, Երեւանի Ֆրանսիայի հրապարակում մասնակցում էր զոհերի հիշատակի մոմավառությանը։
Հարյուրավոր քաղաքացիներ մոմեր ու ծաղիկներ են դրել Ֆրանսիայի հրապարակում` Օգյուստ Ռոդենի հեղինակած եւ Ֆրանսիայի կողմից հայերին նվիրված քանդակի մոտ։ Նրանք իրենց հետ բերել էին «Մեր աղոթքները, սիրտն ու հոգին Ֆրանսիայի ժողովրդի հետ են», «Աղոթում ենք Փարիզի համար» «Vive la France», «Stop Terrorism» գրությամբ պաստառներ:
Նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:













