Երեւանի Տիգրան Մեծի-32 հասցեում գտնվող չորսհարկանի շենքի տանիք բարձրացած եւ ցած նետվել սպառնացող երիտասարդին իջեցրել են շենքի տանիքից: Դրա համար անհրաժեշտ է եղել դեպքի վայր հրավիրել երիտասարդի հորը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մի երիտասարդ բարձրացել է Տիգրան Մեծի-32 հասցեում գտնվող չորսհարկանի շենքի տանիք եւ սպառնում էր իրեն ցած նետել: Այս մասին NEWS.am-ին դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ պարեկապահակային, փրկարար եւ 1-03 ծառայությունների աշխատակիցները: Շենքի տակ, կարմիր բերետավորները իրենց հետ բերված կավրալիտը» բաց պահել էին, որ եթե հանկարծ երիտասադն իրեն ցած նետեր, հնարավոր լիներ խուսափել հնարավոր վատ հետեւանքներից:
Սակայն բանը դրան չի հասել: Դեպքի վայր է ժամանել երիտասարդի հայրը, ով թեեւ բաժանված է եւ առանձին է բնակվում, սակայն կարողացել է ոստիկանների հետ միասին բանակցել որդու հետ, որի արդյունքում վերջինս հանձնվել է ոստիկաններին: Երիտասարդին իջեցրել են տանիքից եւ արդեն տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին:
Ըստ նախնական տեղեկությունների, երիտասարդը Սարի Թաղի բնակիչ է, անունը Գոքոր:
Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























