ԼՂՀ անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ՀՅԴ-ի հանրահավաքում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:
«Մենք մեկ տարի առաջ ասում էինք. «Մի' տարեք մեզ այս ճանապարհով», սակայն մեզ չլսեցին: Հիմա մեզանից բարձր են նույն խնդիրների մասին խոսում մեր ընդդիմախոսները: Հիմա եկել են այն մտքին, որ թուրքը չի փոխվել, թուրքը մնացել է թուրք, թուրքն ադրբեջանցուն չի դավաճանի: Որքա՞ն է մեզ անհրաժեշտ, որպեսզի գիտակցենք, թե ինչ լուրջ ձախողումներ ենք արձանագրել»,- ասաց դաշնակցական գործիչն ու թվարկեց այդ ձախողումները.
«Նախ, պատերազմի վտանգը հիմա աննախադեպ աճել է, որն այժմ ավելի մեծ է, քան նախքան հայ-թուրքական արձանագրությունների ի հայտ գալը: Երկրորդ. փորձում էին, իբր, սեպ խրել թուրքերի ու ադրբեջանցիների միջեւ, բայց այդ տանդեմն այսօր ավելի է հզորացել: Այն հիմա ավելի մեծ թափ է հավաքել եւ արդեն խոսք է գնում Նախիջեւանում թուրքական ռազմակայան տեղակայելու մասին»: Ա. Ռուստամյանի ներկայացմամբ, իշխանությունները «խճճվել են ու մնացել հայ-թուրքական գործընթացի հանգույցներում»:
Ի դեպ, հանրահավաքը տեղի էր ունենում Հանրապետական մարզադաշտում: Ելույթներն ընդմիջվում էին ազգային երգերով ու պարերով:




























